ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում են ԱՄՆ պետքարտուղարությունից։
Նշվում է՝ նրանք վերահաստատել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։
«Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն խաղաղությանն աջակցելու հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ հեռախոսազրույցը կայացել է մինչ սահմանային իրադրության լարումը։
Հիշեցնենք, որ Փաշինյանի, Ալիևի ու Միշելի մասնակցությամբ Բրյուսելում մայիսի 14-ին կայանալու է եռակողմ հանդիպում։ Մինչ այս Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ են ընթացել Վաշինգտոնում։