news.am: Էականորեն փոխվել է խոշոր հարկատուների նկատմամբ վարվող հարկային քաղաքականությունը. 2023-ի հունվար-մարտին 2018-ի հունվար-մարտի համեմատ առաջին հազար խոշոր հարկատուներից հավաքագրվել է 113,4 տոկոսով ավելի հարկ, այսինքն կրկնպատիկից ավելի շատ հարկ են վճարել, իսկ առաջին 100 խոշոր հարկատուներից հավաքագրվել է 91,6 տոկոսով ավելի շատ հարկ, քան 2018-ի առաջին երեք ամիսներին: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտնեց, որ առաջին եռամսյակում ՀՀ տնտեսական բարձր աճ է գրանցվել. «ՀՆԱ 12,1 տոկոսանոց աճ ունենք։ Սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, սա արդեն հաշվարկված համախառն ներքին արդյունքի աճն է, որ 12,1 տոկոս է, իսկ ապրիլի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,1 տոկոս, իսկ գնաճը՝ 3,2 տոկոս»։
Փաշինյանը նաև ասաց, որ գնաճի որոշակի կայունացում են տեսնում. «Ապրիլի դրությամբ գնաճը վերադարձել է բյուջեով կանխատեսված և նախատեսված ցուցանիշներին և հույս ունենք այս դինամիկան կպահպանվի»։