Երևանում բացվեց «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս- ցուցահանդեսը

«Երևան էքսպո» կենտրոնում հանդիսավորությամբ բացվեց  «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը: Միջոցառումն անցկացվում է «Իմ քայլը» հիմնադրամի հովանու ներքո, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ, «Վորլդ Վիժն»-ի մասնակցությամբ: Ցուցահանդեսի բացման խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Միջոցառման համակազմակերպիչ Մարիաննա Գալստյանը նշեց, որ եզակի ձևաչափով այս միջոցառումն ուղղված է ծնողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրմանը, երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը: Կոնֆերանս-ցուցահանդեսը ներառում է մի ամբողջ օր տևողությամբ բաց և անվճար դասախոսությունների շարք ծնողների, երեխաների հետ աշխատող մասնագետների համար:

Ներկաներին ողջունեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, որ մեծ ուրախությամբ է մասնակցում այս միջոցառմանը:
«Այն, ըստ էության, աննախադեպ է Հայաստանում: Առաջին անգամ է, որ նման բովանդակությամբ խոշոր ցուցահանդես է անցկացվում, որտեղ հնարավոր է գտնել երեխաների խնամքին, զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցերի պատասխանները: Հայ մայրերը պետք է հնարավորություն ունենան մասնագետների հետ քննարկել երեխայի խնամքի հետ կապված հարցերը, ինչին էլ ուղղված է այս հարթակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Աննա Հակոբյանը:  Նա ընդգծեց, որ նպատակ ունեն նման միջոցառման անցկացումը դարձնել և՛ ավանդական, և՛ ապահովել հասանելիություն այլ մարզերի բնակիչների համար: 

Միջոցառմանը մասնակցում են այսօր Հայաստանում գործող մի շարք կրթական համալիրների, զարգացման, հոգեբանական և ֆիզիկական առողջություն ապահովող կենտրոններ: Օրվա ընթացքում քննարկվելու են ծնողավարության, երեխաների նկատմամբ հոգեբանական ու ֆիզիկական բռնության հետևանքների, կրծքով կերակրման անհրաժեշտության, երեխայի դաստիարակության գործընթացում հայրիկների ներգրավվածության, առողջ հղիության բաղադրիչների մասին հարցեր և այլ թեմաներ:

Ավելին՝armenpress.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

2018թ.-ին աշխարհում զինված հակամարտությունների հետևանքով զոհված երեխաների ռեկորդային թիվը է գրանցվել. ՄԱԿ-ի զեկույց |tert.am|

ՀՀ-ն տարանցիկ երկիր է Իրանից թմրանյութեր տեղափոխելու համար |panarmenian.net|

Փախստականների պաշտպանությունը չվերածվի «ապաստանի առևտրի». Միգրացիոն ծառայության պետը Ժնևում առաջարկել է բարեփոխել կոնվենցիան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.