Չնայած ԱՄ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը Եվրամիությունը մտադիր չէ Գոլանի բարձունքները ճանաչել Իսրայելի մաս։ Թրամփը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունն այդ տարածքների հանդեպ։
Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով, ԵՄ դիրքորոշումը չի փոխվել։ «Եվրամիությունը, միջազգային իրավունքին համապատասխան՝ չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Իսրայելն օկուպացրել է այդ տարածքները, ներառյալ Գոլանի բարձունքները, 1967 թվականի ամռանը, դրա համար Եվրամիությունը չի դիտարկում դրանք որպես այդ երկրի մաս։
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, Թրամփը նշել է, որ անհրաժեշտ է ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ։
«52 տարի հետո եկել է ժամանակը, որպեսզի ԱՄՆ-ը ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ, ինչը չափազանց կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Իսրայելի պետության անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար»,- գրել է նա Թվիթերում։
Գոլանի բարձունքները վիճելի տարածք է Մերձավոր Արեւելքում։ Դրա մեծ մասը ներկայում վերահսկում է Իսրայելը, իսկ արեւելյան հատվածը՝ Սիրիան։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքներն իրենց տարածքի մաս են համարում։
1944-1967 թվականներին Գոլանի բարձունքները մտնում էին սիրիական Կունեյրա նահանգի կազմի մեջ։ Արեւմտյան մասը (տարածքի երկու երրորդը) Իսրայելը զավթեց 1967 թվականի հունիսին, Վեցօրյա պատերազմի ժամանակ։