armenpress.am: Վրացի զինծառայողները փրկարարների հետ համատեղ ժամանակավոր կամուրջ են հավաքել, որն ավելի ուշ կտեղափոխեն գետի վրա՝ Ռաչա բարձրլեռնային երկրամասի Շովի հանգստավայրում սողանքի գոտում որոնողափրկարարական աշխատանքներն արագացնելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն:
Շովիում մասշտաբային սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Արդյունքում վնասվել են կամուրջներն ու ճանապարհները, ինչպես նաև զբոսաշրջային քոթեջները և Sunset Shovi հյուրանոցը: Փրկարարական գործողությանը մասնակցում է 400 հրշեջ-փրկարար, ներգրավվել է չորս ուղղաթիռ։ Մինչ այժմ հաջողվել է տարհանել 210 մարդու, զոհերի թիվն այս պահին 11 է: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 7-ը Վրաստանում սգո օր է հայտարարել: