news.am: Ներկայում արցախահայերը զանգվածաբար հեռանում են սեպտեմբերի 19-ի և 20-ի Ադրբեջանի ռազմական գործողություններից և Լաչինի միջանցքի՝ մի քանի ամիս շարունակված շրջափակումից հետո։ Մարդիկ հեռանում են իրենց տներից և ապաստան գտնում Հայաստանում։ Այս մասին նշվել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի ծառայության հայտարարությունում։
«Անհրաժեշտ է շտապ ապահովել մշտական անարգել հումանիտար աջակցություն նրանց, ովքեր դեռ կարիք ունեն Արցախում, ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են։ Եվրամիությունը աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքին, որը օժանդակում է վիրավորների և պացիենտների շտապ տարհանմանը, ինչպես նաև տեղերում արտակարգ օգնության ցուցաբերմանը։
Եվրահանձնաժողովը հայտարարել է 5 մլն եվրոյի չափով լրացուցիչ հումանիտար օգնության փաթեթի տրամադրման մասին՝ օգնություն ցուցաբերելու համար այն մարդկանց, որոնք Արցախից տեղահանվել և հեռացել են Հայաստան, և նրանց, ովքեր խոցելի են Արցախի ներսում։ ԵՄ-ն և անդամ պետությունները պատրաստ են լրացուցիչ հումանիտար օգնություն ցուցաբերել։
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար, ներառյալ վախի և խտրականության իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը, ինչպես նաև տեղահանված անձանց վերադարձի իրավունքը։ Կարևոր է, որ ՄԱԿ առաքելությունը կարողանա տարածք մտնելու իրավունք ունենալ առաջիկա օրերի ընթացքում։
Եվրամիությունն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի իշխանությունների կողմից հատուկ հարթակի միջոցով հայ բնակիչների գրանցման գործընթացի մեկնարկի մասին հայտարարությունը»,- նշված է հայտարարությունում։