Ազգային ժողովն այսօր ընդունեց Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը, որի համաձայն կրճատվելու եւ միավորվելու էին մի քանի նախարարություններ։ Ընդդիմությունը, ինչպես եւ սպասվում էր, դեմ քվեարկեց երկար քննարկումներ անցած եւ քննադատված այս նախագծին՝ մեկնաբանելով, որ այն պահպանում է սուպերվարչապետական համակարգը, որը դեռ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը քննադատության էր արժանացնում։
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողը վարչապետ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք վերջինիս օրակարգում կա սուպերվարչապետական ինստիտուտը վերացնելու հարցը, ինչպե՞ս եւ ե՞րբ է դա նախատեսվում։
Փաշինյանն ասաց, որ մենք պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում սուպերվարչապետական համակարգ։ Արդյոք այդ համակարգը կամ դրա հակառակը նշանակում է երկիր, որտեղ չկա իշխանության ուղղահայա՞ց․
«Կարո՞ղ եք բացատրել՝ սուպերվարչապետն ինչու է լուսացույցի կարմիր լույսի տակ կանգնում, սուպերվարչապետն ինչո՞ւ է հինգ ասուլիս անում, կամ ասում՝ դուք ինչ հարց պետք է տաք։ ՀՀ-ում այն, ինչ տեղի է ունեցել մեկ տարվա ընթացքում, վերջին երեսուն տարվա ընթացքում քանի՞ անգամ է տեղի ունեցել։ Սուպերվարչապետական համակարգը օրենքը եւ միայն օրինական լծակները չեն։
Սուպերվարչապետը նա է, որ ասում է՝ դու շաքար կներկրես, դու չնեկրես, բանանի գործը քեզ, բենզինի գործը քեզ, ես ստեղ 50 տոկոս եմ, այ ստեղ իմն ա լրիվ, էստեղ պետք ա գյուղապետ ընտրվի էսինչը, էստեղ էսինչը չպիտի ընտրվի, էս մեկի նկատմամբ գործ հարուցեք, էս մեկի նկատմամբ կարճեք, դատավորները թող իրենց վճիռներն ինձ հետ համաձայնեցնեն նոր վճռեն։ Սուպերվարչապետական համակարգը դա է։ Բաղրամյան 26-ն ինչի՞ ենք վերադարձրել նախագահի նստավայր, ինչի՞ են Բ26-ի եւ ԱԺի դռները բաց»,-ասաց վարչապետը։
Նա նկատեց, որ սուպերվարչապետական համակարգը, որն ինքը քննադատել է, առաջին հերթին դա է նկատի ունեցել․
«Դուք տեսնում եք սուպերվարչապետ, որը դատարանում վկայի կարգավիճակով հանդես է գալի՞ս։ Կարող էի՞ չգնալ։ Կարող էի։ Ոմանք կային, ասում էին՝ դա շոու է․ դա շոու չէ, դա քաղաքական կամքի ցուցադրում է, կարող եմ չանել ասուլիս, չէ՞, սա էլ կարող են ասել շոու։ Է, կարող եմ չանել։ Բայց դա քաղաքական կամքի ցուցադրում է, բացարձակ թափանցիկության ցուցադրում է։ Սուպերվարչապետական համակարգ ՀՀ-ում այլեւս վերացված է, որովհետեւ ժողովրդավարական երկրում այեւս չի կարող լինել սուպերվարչապետ։ Եթե խոսքը վերաբերում է մեկ-երկու գերատեսչության կարգավիճակին, ասում եմ՝ կան փաստեր եւ փաստարկներ»։
Փաշինյանն անդրադարձավ նաեւ ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու վերաբերյալ քննարկումներին՝ հարց հնչեցնելով՝ մենք ուզո՞ւմ ենք երկրում նոր Սերժ Սարգսյան․
«Սերժ Սարգսյանի քաղաքական կարիերան ո՞նց ա ձեւավորվել, որ ԱԱԾ ծառայության ժամանակներից կամաց-կամաց-կամաց-կամաց․․․ուզում ե՞նք սա, թե չենք ուզում։ Ես էլի եմ ասում, էդ սուպերվարչապետական համակարգն այն է, որ խումբը կամ մարդը պահում է իշխանությունը եւ ասում է՝ ես ոչ մեկին չեմ տա։ Ես ասում եմ՝ ես ՀՀ-ում իշխանություն չունեմ, իշխանությունը պատկանում է ժողովրդին, մի երկրում, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, սուպերվարչապետ չի կարող լինել, չկա»,-եզրափակեց վարչապետը։