24news.am: ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության վերջնական թեկնածուն դառնալու ամենամեծ շանսերն ունի: Այդ են վկայում The Hill պարբերականի անցկացրած հարցման արդյունքները:
Հարցման արդյունքում պարզվել է, որ Բայդենը Դեմոկրատական կուսակցության վերջնական թեկնածուն դառնալու պայքարում 32 միավորով առաջ է նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած իր կուսակիցներից:
Բայդենին աջակցել է հարցվածների 46, Բեռնի Սանդերսին՝ 14%-ը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր նախագահական ընտրություններում Բայդենի հետ մրցակցելու պատրաստականության մասին՝ կասկածի տակ առնելով վերջինիս մտավոր ունակությունները, ինչպես նաև նրան նախագահի պաշտոնի համար չափազանց ծեր համարելով:
Հիշեցնենք, որ Դեմոկրատական կուսակցության արդեն 18 անդամ իր թեկնածությունն է առաջադրել 2020թ.-ի նախագահական ընտրություններին մասնակցելու համար, որոնց շարքում 76-ամյա Բայդենն ամենատարեցն ու ամենափորձառուն է:
ԱՄՆ նախկին փոխնախագահը երկրի ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրել է նաև 1988 և 2008 թվականներին: