Վրաստանի նախագահի իմփիչմենթի գործընթացը ձախողվել է․ Զուրաբիշվիլին կպահպանի պաշտոնը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի օգտին է քվեարկել խորհրդարանի պատգամավորներից 86-ը՝ անհրաժեշտ 100-ի փոխարեն։ Այսպիսով, Զուրաբիշվիլին կշարունակի իր պաշտոնավարումը՝ որպես նախագահ։ Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը։

Քվեարկությունը տեղի է ունեցել գաղտնի կերպով։ Նախագահի իմփիչմենթի համար հարկավոր էր խորհրդարանի ամբողջական կազմի 2/3-ի՝ 100 պատգամավորների ձայները։ Սակայն քվեարկության համար գրանցվել է 90 պատգամավոր։ Նախագահի իմփիչմենթին դեմ է քվեարկել 1 պատգամավոր։ Ընդդիմության մի մասը նիստերի դահլիճում ներկա չի եղել։

Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես ներկա է գտնվել խորհրդարանում իր իմփիչմենթի հարցի քննարկմանը և ելույթ է ունեցել պատգամավորների առջև։

Հոկտեմբերի 16-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը հաստատել էր Զուրաբիշվիլիի կողմից Սահմանադրության 52-րդ հոդվածի խախտումը, ըստ որի՝ նախագահն իրավունք ունի արտաքին հարաբերություններում ներկայացուցչական գործառույթներ իրականացնել միայն կառավարության թույլտվությամբ։ Նախագահին իմփիչմենթի ենթարկելու հայցը ներկայացրել էին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավորները։

Իշխող կուսակցության պատգամավորները իմփիչմենթի գործընթաց էին սկսել Զուրաբիշվիլիի դեմ այն ​​բանից հետո, երբ նա օգոստոսի 31-ին առանց կառավարության հավանության սկսել էր արտասահմանյան շրջագայություն և հանդիպումներ էր ունեցել ԵՄ առաջնորդների հետ: Նախարարների կաբինետը հրաժարվել էր ճամփորդության թույլտվություն տալ Զուրաբիշվիլիին և դա բացատրել էր նրանով, որ իշխանությունները կորցրել են վստահությունը նրա նկատմամբ։ Իր հերթին Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր՝ Եվրոպա կատարած այցերի նպատակն է եղել օգնել Վրաստանին ստանալ ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.