news.am: Մենք հիմա շատ լավ մեկնարկային վիճակում ենք եւ կարող ենք իսկապես լուրջ տնտեսական ճեղքում իրականացնել: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, Ռադիոյի օրվա առթիվ Ռադիոյի տուն այցելության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, Հայաստանի ամենակարեւոր, գլոբալ հարցերը կապված են տնտեսական հնարավորությունների, բարեկեցության եւ եկամուտների աճի հետ:
«Այդ ուղղությամբ քայլեր արվել են եւ առաջիկայում էլ կարվեն: Մենք պատրաստվում ենք բարձրացնելու զինվորականների, ուսուցիչների աշխատավարձերը: Այս տարի պլանավորում ենք 100 մլն դոլարից ավելի կապիտալ ծախսեր, որոնք մեր հաշվարկով պետք է խթան հանդիսանան տնտեսության համար:Փառք Աստծո, տնտեսական ակտիվության ցուցանիշը բավական կայուն, ընդունելի վիճակում է:
Հիմա մեր ամենակարեւոր խնդիրն է լայնածավալ, կապիտալ ներդրումների միջոցով խթանել տնտեսությունը, որպեսզի մարդիկ իրենց եկամուտների բարձրացումն զգան, բարեկեցության աճը զգան»,-ասաց վարչապետը:
Հարցին, թե տնտեսական հեղափոխության ուղղությամբ գործուն քայլեր արվա՞ծ են, նա արձագանքեց. «Տնտեսական հեղափոխության առաջին ամենակտիվ փուլը կարող ենք արձանագրել, որ հաջողություն ունի»: