ԵՄ-ն պատրաստ է ավելի ամրապնդել ներկայությունը Հայաստանում. ստորագրվեց ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը պատրաստ է առաջ շարժվել և էլ ավելի ամրապնդել ԵՄ առաքելության ներկայությունը. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրվեց Հայաստանում Եվրոպական Միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիր:  

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի  նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին՝ փետրվարից այս առաքելությունն ընդունելու համար: Այս առաքելությունը Հայաստանում արդեն շատ բան է առաջարկել կայունության, անվտանգության առումով: Կարգավիճակի մասին համաձայնագիրը, որը մենք այսօր ստորագրեցինք, օգնելու է ավելի իրավական որոշակիություն մտցնել, երբ խոսքը վերաբերում է երկրում առաքելության ներկայության տարբեր իրավունքների, պարտավորությունների կարգավորմանը»,-ասաց ԵՄ դեսպանը:

Ինչ վերաբերում է առաքելության ընդլայնմանը,  ապա այդ հարցը որոշվել է մի քանի օր առաջ Բրյուսելում: Եվրամիության արտգործնախարարները հավանություն են տվել Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն ընդարձակելու առաջարկին։

«Մենք պատրաստ ենք առաջ շարժվել և էլ ավելի ամրապնդել առաքելության ներկայությունը երկրում՝ նպաստելու կայունությանը և դիտորդություն իրականացնելուն սահմանի հայկական կողմում և տեսնելու, թե ինչ է իրականացվում»,-ասաց Մարագոսը:

Կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը փաստաթուղթ է Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև: Այն հիմնականում իրավական հարցերն է կարգավորում: Ըստ դեսպանի՝ բովանդակությունը նույնն է մնալու, և դիտորդները շարունակելու են դիտորդություն իրականացնել: «Մենք հավատում եք, որ սա կամրապնդի մարդկանց անվտանգությունը, մենք նաև նպաստում ենք տարածաշրջանում վստահության ամրապնդմանը: ԵՄ-ն հանձնառու է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և սա մեր գործիքներից մեկն է, որ ունենք Հայաստանում»,-ասաց Մարագոսը:

Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն էլ հստակեցրեց՝ այս պահին մանդատի փոփոխության մասին դեռևս վաղ է խոսել, խոսքը քանակի ավելացման, կարողությունների ուժեղացման մասին է: «Երրորդ կողմերից Կանադան է միացել առաքելությանը, կա հետաքրքրություն այլ երկրներից ևս»,-ասաց փոխնախարարը:

Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը պետք է նպաստի դրա գործունեության ավելի արդյունավետ իրականացմանը: «Խոսքը դիտորդների համար դյուրին պայմաններ ստեղծելու մասին է՝ սկսած առողջապահությունից մինչև տեխնիկական խնդիրներ: Դա նման է այն լիազորություններին, որոնք ունեն դիվանագետները յուրաքանչյուր երկրում»,-հստակեցրեց փոխնախարարը:

Եվրամիության քաղաքացիական առաքելությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2023 թվականի փետրվարից․ դիտորդները պարեկություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.