Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել իննամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժգին տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ: Այս մասին հաղորդում են Գլխավոր դատախազությունից։
«Մասնավորապես՝ քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Փ.-ն իննամյա դստեր մազերից քաշելով, ձեռքերով ու ոտքերով մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, միջնակարգ դպրոցից տեղափոխել է իրենց բնակարան, հանել է նրա հագուստը, հագին թողել միայն կիսավարտիքն ու շապիկը և տեղափոխել շենքի բակում գտնվող, իրեն պատկանող խորդանոց: Մոտ 2 ժամ 30 րոպե դստերը պահել է կողպված խորդանոցում՝ ցրտի և մթության պայմաններում:
Քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Փ.-ի կողմից դստեր նկատմամբ նման գործողությունները կրել են պարբերական բնույթ:
Ա.Փ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:
Ա.Փ.-ի իննամյա դուստրը տեղափոխվել է երեխաների պաշտպանության կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում։