Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ առաջին գումարման նախագահ Բաբկեն Արարքցյանը։ Նա 79 տարեկան էր։
Արարքցյանը ծնվել է 1944 թ. սեպտեմբերի 16-ին: 1966-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ մեխանիկ-մաթեմատիկոսի որակավորմամբ: 1966-68-ին սովորել է ՌԴ ԳԱ Ստեկլովի անվան ինստիտուտի ասպիրանտուրայում: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու(1972): Եղել է ԽՄԿԿ անդամ:
1968-71-ին աշխատել է ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնում, 1971-75-ին՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի, 1975-77-ին՝ Հայաստանի Պետական պլանային կոմիտեի գիտա-տեխնիկական տեղեկատվության ինստիտուտներում, 1977-90-ին՝ Երևանի պետական համալսարանում դոցենտ, ամբիոնի վարիչ:
1988-ից եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1989-ից ՀՀՇ վարչության անդամ է: 1988 թ. դեկտեմբերի 10-ին ձերբակալվել և մինչև 1989թ. մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին: ՀՀ ԳԽ պատգամավոր ընտրվել է Երևանի Արաբկիրի 34-րդ ընտրատարածքից:
1990 թ. օգոստոսին ընտրվել է ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ, 1991 թ. դեկտեմբերի 24-ին՝ ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահ:1991-ին ընտրվել է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ, 1994-ին՝ Սահմանադրական հանձնաժողովի համանախագահ: Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանային վեհաժողովի (ՍՏՀԽՎ, 1993), ԵԱՀԿ խորհրդանային վեհաժողովի(1993), ԱՊՀ մասնակից երկրների միջխորհրդանային վեհաժողողվի(1993) Հայաստանի պատվիրակությունների ղեկավար:1995-ի հունիսից ՍՏՀԽՎ նախագահ:
1995-ի հուլիսի 27-ին ընտրվել է Ազգային Ժողովի նախագահ՝ լինելով ՀՀ առաջին գումարման ԱԺ նախագահը։ Այդ պաշտոնից հրաժարական է ներկայացրել 1998թ․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականի թիմի հետ միաժամանակ։
Արարքցյանն ավելի քան 30 գիտական աշխատությունների և բուհական դասագրքերի հեղինակ է: