hetq.am։ Օրերս «Ռոսսելխոզնադզոր»-ն անհամապատասխանություններ է հայտնաբերել ԵԱՏՄ երկրներից՝ Հայաստանից, Ղազախստանից, ինչպես նաև՝ Չինաստանից Ռուսաստան ներկրված կենդանական ծագում ունեցող ապրանքներում։ Այս մասին նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի պաշտոնական կայքում։
Այդ առումով՝ Ռուսաստանը լաբորատոր խիստ վերահսկողություն է սահմանալ այն ընկերությունների նկատմամբ, որոնք ներկրել են ԵԱՏՄ նորմերին և պահանջներին չհամապատասխանող սննդանմթերք։
Մասնավորապես՝ Հայաստանից «PROTEIN ARMAN JONOUB CO» և «Ֆիշ-կա» ՍՊԸ-ի նկատմամբ, որոնց արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ։
Ղազախստանից ներկրված թռչնամսում էլ հայտնաբերվել է սալմոնելա։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այս մասին «Ռոսսելխոզնադզոր»-ից դեռևս որևէ գրություն չեն ստացել․ «Մեր՝ նաև՝ այդ ցուցանիշներով իրականացրած մոնիթորինգների արդյունքում այդպիսի ցուցանիշով որևէ շեղում չի հայտնաբերվել։ Թե որտեղից են ռուսները գտել, անհայտ է։- ասաց Ա․ Հարությունյանը։
– Իրենք իրենց կայքում տեղադրել են, բայց կա այսպիսի ընթացակարգ․ իրենք պիտի մեզ գրությամբ դիմեն, ասեն, որ էսպիսի խնդիր կա էսինչ կազմակերպություններում, բայց իրենք դա դեռ չեն արել»,-նշեց Ա․ Հարությունյանը՝ հավելելով, որ ՍԱՏՄ-ն կդիմի «Ռոսսելխոզնադզոր»՝ պարզաբանման համար, քանի որ գրությունները, սովորոբարար, ուղարկվում են 3-4 օրում։
Հիշեցնենք, որ Հայաստանն ավելի շատ արտահանում է թարմ և կենդանի ձուկ և ձկնեղեն և հակառակը, ներմուծում՝ սառեցվածը։