Ադրբեջանի Միլլի Մեջլիսում ընթանում է Իլհամ Ալիևի երդման արարողությունը։ Ադրբեջանի նախագահը ելույթում արել է մի շարք ռազմատենչ հայտարարություններ։
Ալիեւը, մասնավորապես, նշել է․
«Ժամանակի ընթացքում մենք կրկին ականատես եղանք մեր նկատմամբ տարածքային նոր պահանջների, և նրանք [Հայաստանը, -խմբ․] կրկին չեն ցանկանում հրաժարվել իրենց կեղտոտ գործերից։ Հայաստանը կարծես մոռացել է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքները, կամ էլ գուցե ինչ-որ մեկը նրանց խրախուսել է ընդհանրապես չկատարել այդ պարտավորությունները»,- ասել է Ալիևը։
Ալիևը հայտարարել է, թե «ինչքան էլ Հայաստանը հովանավոր ունենա, իրենց ոչ ոք չի կարող կանգնեցնել․․․»։
«Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ Մեզ հետ անհիմն պնդումների և շանտաժի լեզվով խոսելը նրանց համար թանկ կարժենա, և դա հավանաբար բոլորն են տեսնում»,- ասել է Ալիևը։
Իլհամ Ալիևը խոսել է նաև ՀՀ օրենսդրության մասին՝ նշելով, որ «եթե Հայաստանը իր օրենսդրությունը չբերի նորմալ վիճակի, և եթե Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերջ չդնի, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»։
«Մեր բանակն իր ուժը ցույց տվեց ոչ թե զորավարժություններում, ոչ թե շքերթներում, այլ մարտի դաշտում։ Հայաստանը և նրան ռազմական աջակցություն ցուցաբերողները պետք է իմանան, որ մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել»,- ասել է Ալիևը։