civilnet.am: Քննարկում ենք Հայաստանում ԵՄ առաքելության ժամկետը ևս երկու տարով երկարացնելու հարցը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում կառավարության ծրագրի 2023-ի կատարման արդյունքների վերաբերյալ ելույթում։
«Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունն այս ընթացքում միջազգային հանրության, ավելի կոնկրետ՝ Եվրամիության և նրա գործընկերների համար Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և շփման գծի ամբողջ երկայնքով հաստատված իրադրության մասին օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր է դարձել, ինչը չափազանց կարևոր է մեզ համար»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ ԵՄ-ին և նրա գործընկերներին օբյեկտիվ տեղեկատվության տրամադրումն կարևոր է, քանի որ «դա ակնհայտ կդարձնի, որ ՀՀ-ն անկեղծորեն հավատարիմ է խաղաղության օրակարգին և Պրահայի պայմանավորվածություններին, և այս պատմության ագրեսիվ կողմը չէ»։
2023-ի հունվարի 23-ին Եվրամիության նախարարների խորհուրդում համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։ ԵՄ առաքելությունը, որի կազմում ընդգրկված է 209 դիտորդ, նախնական լինելու է երկու տարի ժամկետով։