ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Եգիպտոսի և Հորդանանի ԱԳ նախարարների հետ զրույցում ընդգծել է Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտությունը։
«Պետքարտուղար Բլինքենը և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարն ընդգծել են էսկալացիայի կանխարգելման և դիվանագիտական ջանքերի համակարգման կարևորությունը», – ասված է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ:
Նույնը Բլինքենը քննարկել է նաև Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Հորդանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ։
Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Իրանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքերով հարձակում է սկսել Իսրայելի ուղղությամբ։ Ավելի ուշ Թեհրանն արձակել է նաեւ բալիստիկ հրթիռներ։ Սա առաջին անգամն է, երբ Իրանը հենց իր տարածքից է գործողություն իրականացնում Իսրայելի դեմ։
Իրանական «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հայտարարել է, որ այս գործողությունը Դամասկոսում իրանական դեսպանական հյուպատոսական բաժնի վրա Իսրայելի հարձակման պատասխանն է։
Իսրայելն անմիջապես հաստատել է, որ իրանական ԱԹՍ-ները շարժվում են իրենց օդային տարածք՝ նշելով, որ սկսել է Սիրիայի եւ Հորդանանի տարածում որսալ դրանք։ Մինչդեռ Իրանը հարեւան երկրներին զգուշացրել է, որ եթե նրանք օդը բացեն Իսրայելի համար, կդառնան թիրախ։
Գիշերվա ընթացքում Իրանը հայտարարել է, որ խոցել է նախանշված մի շարք թիրախներ, իսկ Իսրայելը հավաստիացրել, որ ԱԹՍ-ների ու հրթիռների գերակշիռ մասը խոցվել են օդում։ Իսրայելի տարածքից դուրս իրանական ԱԹՍ-ները եւ հրթիռները խոցելուն աջակցել են ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արեւելքում տեղակայված ՀՕՊ ուժերը եւ Հորդանանի ավիացիան։
Ավելի ուշ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ինքը Իրանի դեմ հարձակողական գործողությունների չի պատրաստվում մասնակցել, այլ մտադիր է աջակցել Իսրայելի պաշտպանությանը։