armenpress.am: Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլեր Ալտերմատը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայում իշխանափոխություն տեղի ունենալու դեպքում է միայն հնարավոր, որ վերջինս փոխի և վերանայի իր քաղաքականությունը Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, քանի որ ներկա իշխանություններն անընդունակ են այդ հարցում որևէ առաջընթաց գրանցել։
Այս մասին պատգամավորն ասաց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։
-Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը։
-Գործընթացը շատ դանդաղ է ընթանում, բավականաչափ լայն չէ և շատ հանդարտ: Քաղաքակիրթ աշխարհի համար խայտառակություն է, որ միահամուռ կերպով չի բարձրաձայնում ու դատապարտում ցեղասպանության անմարդկայնությունը, որովհետև միայն այս միասնական ձայնը կարող է հանգեցնել նրան, որ մեղքը ճանաչվի, և նման ցեղասպանությունը չկրկնվի:
-Չնայած բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան 109 տարի անց շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։ Ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը: Բացի կոչերից ու հորդորներից, այլ գործողությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։
-Ես համարում եմ, որ թուրքական քաղաքականությունը ներկայիս ղեկավարության օրոք խիստ անընդունակ է ցեղասպանության ճանաչման հարցում որևէ բանի հասնելու։ Թուրքիայի տնտեսության՝ առանց այն էլ աղետալի իրավիճակում տնտեսական ճնշումը միայն հակաարդյունավետ կլինի: Էրդողանը միայն կավելացնի ազգայնականությունը՝ որպես իշխանության պահպանման գործիք։ Հետևաբար, աշխարհը պետք է տեղեկացնի ոչ թե թուրքական քաղաքականությանը, այլ թուրքական հասարակությանը: Մեր օրերում դրա համար բավականաչափ ալիքներ կան։ Այնպես, ինչպես դաշնակիցներն արեցին Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այնպես էլ մենք պետք է խոսենք Թուրքիայի ժողովրդի հետ։ Բոլոր գերմանացիները գիտեն, որ Նացիստական Գերմանիան ոճրագործություն է իրականացրել։ Դա ցավալի է, բայց դա մեզ Եվրոպայում և առաջին հերթին հենց գերմանացիներին բերեց մեծ խաղաղություն և բարգավաճում:
-Ձեր կարծիքով, ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ պայմաններում Թուրքիան վերջնականապես կբախվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական ճշմարտությանը։
-Անկասկած, միայն իշխանափոխությունն Անկարայում կփոխի որոշ բաներ։ Եվ, ինչպես նշվեց, միայն լայն շարժումը Թուրքիայում, որն այլևս չի ցանկանում ապրել մերժված մեղքով, կհանգեցնի նրան, որ կառավարությունը համապատասխան քայլեր ձեռնարկի։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում