Երևանի Ազնավուրի հրապարակում ընթանում է Դեմոկրատական այլընտրանք կուսակցության և Ռեալիստների դաշինքի հանրահավաքը՝ «Վիճակը պայթյունավտանգ է» կարգախոսով։
Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ, Ռեալիստների դաշինքի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Տավուշում տեղի ունեցող իրադարձություններին՝ նշելով, որ քաղաքական ուժերը պետք է Երևանում քաղաքական օրակարգ ձևավորեն։
Նրա խոսքով՝ Տավուշը դիմադրության արժանապատիվ խորհրդանիշ է, սակայն հաջողության հնարավոր չի լինի հասնել, եթե այդ դիմադրությունը քաղաքական կապիտալիզացիայի չենթարկվի Երևանում։
«Խորհրդարանական ընդդիմությունը երկու քայլ պետք է անի․ սկսի իմպիչմենտի գործընթաց, որը գուցե խթան հանդիսանա, որ հասարակությունը այլընտրանք տեսնի ու դուրս գա, կամ էլ ընդդիմությունը պետք է մանդատները վայր դնի»։
Սուրենյանցը արձանագրեց՝ ցավոք սրտի, Տավուշի պրոցեսը հասել է անշրջելիության կետի․ «մենք չկարողացանք այնպիսի գործընթաց գեներացնել, որ այդ միակողմանի զիջումների դեմը առնենք, դուք շատ լավ գիտեք, որ պրոցեսը մեծ թափով առաջ է գնում»։
Նրա կարծիքով՝ պետք է հստակ օրակարգ, քաղաքական առաջնորդություն և գործողությունների ճանապարհային քարտեզ։
Սուրենյանցը նաև հայտնեց, որ հինգշաբթի օրը բոլոր ընդդիմադիր կուսակցություններին հրավիրելու են քննարկման, քանի որ ոչ մեծ, ոչ էլ փոքր կուսակցությունները ինքնուրույն չեն կարող լուծել այս խնդիրը։