ՀՀ գոյության նպատակը քաղաքացիների ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումը․ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ում զարգացման ռազմավարական տեսլականի վերանայման անհրաժեշտության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով։ Ասուլիսի սկզբում նա «Իրական Հայաստան․ տեսլական» վերնագրով սահիկաշար ներկայացրեց։  Նրա խոսքով՝ սահիկաշարը սպառիչ չէ, չի անդրադառնում արտաքին ու ներքին հարաբերություններին առչնվող մի շարք հարցերի և նպատակ ունի ուղենշել ՀՀ-ի զարգացման տեսլականը այսօրվանից՝ միտված լինելով ապագային։  

Առաջին սահիկը վերնագրված է «Տիտղոսը», որի ներքևում նշված է Հայաստանի Հանրապետություն։ Հաջորդ սահիկաշարը՝ «Կարգավիճակը»․

«Ի՞նչ կարգավիճակ ունի Հայաստանի Հանրապետությունը»,- սահիկը ներկայացնելիս՝ հնչեցրեց Փաշինյանը եւ շարունակեց,- «Թող շատ տրիվիալ չհնչի, կարծում եմ՝ մեր իրականության մեջ արժե, որ մենք անենք հիմնական հասկացությունների ճշգրտում եւ ռեյտինգավորում, այս պատկերն այդ նպատակն ունի․ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, եւ մենք պետք է սա ունենանք ոչ միայն ուղենիշ, նպատակ, այլեւ գործողությունների եւ գործելակերպի հիմնադրույթ։ Սա նշանակում է, որ ՀՀ-ն վարում է եւ պետք է վարի ինքնուրույն քաղաքականություն»։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ներքին հարաբերությունները հաստատվում են եւ կարգաբերվում են ՀՀ ժողովրդի կամարտահայտման միջոցով․ «Մենք երբեմն ինքնիշխանություն ասելիս հասկանում ենք մեր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, բայց կարևոր է ինքնիշխանությունը որպես հիմք վերցնել ներքին հարաբերությունների համար, այն իմաստով, որ ներքին օրենսդրությունը եւ հարաբերությունները պետք է կարգավորվեն ժողովրդի կամքի համաձայն, այսինքն՝ ժողովուրդը պիտի լինի էդ իրավահարաբերությունների եւ դրանց հաստատման հեղինակը, եւ ինչ է կարելի եւ ինչ չի կարելի ՀՀ ներսում, եւ դա ինչպես է սահմանված՝ որպես օրենք եւ իրավակարգ, ինքնիշխանության կարեւոր ատրիբուտ է այն առումով, որ ՀՀ ժողովուրդն ինքը պետք է իր համար սահմանի ՀՀ-ում ապրելու կանոնները»։

Հաջորդ սահիկը վերնագրված է «Տարածությունը», ներքեւում նշված է «29 հազար 743 ք․ կմ»։ Փաշինյանը այսպես մեկնաբանեց․ «Երբ որ ասում ենք Հայաստանի Հանրապետություն, պետք է լինի շատ կոնկրետ, եւ երբ ասում ենք ինքնիշխանություն, պետք է մեզ համար շատ կոնկրետ լինի, թե էդ ինքնիշխանությունն ինչ տարածքի վրա է տարածվում»։

Մյուս սահիկը վերնագրված է «Պետական կարգը», ներքեւում նշված է՝ «խորհրդարանական ժողովրդավարություն [ժողովրդապետություն]»։ Փաշինյանի խոսքով՝ այստեղ շատ մեկնաբանելու բան չկա․ «Մենք ՀՀ-ն պատկերացնում ենք որպես խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող, եւ երաշխավորված, որ իշխանությունը ձեւավորվում է բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտության վրա հիմնված»։

Հաջորդ սահիկի վերնագիրը՝ «Նպատակը»։ Փաշինյանը մեկնաբանեց․ «Որն է ի վերջո ՀՀ գոյության նպատակը․ սա շատ կարեւոր, խորքային եւ սկզբունքային հարց է։ Իմ պատասխանը, մեր պատասխանը հետեւյալն է․ ՀՀ գոյության նպատակը քաղաքացիների, ինչպես նաեւ Հայաստանում ապրող մարդկանց, բայց առանցքային՝ քաղաքացիների, ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումը։ Այստեղ մենք խոսում ենք հայեցակարգային շատ էական նրբության մասին․ ՀՀ գոյության իմաստը ոչ թե պատմական արդարադատության սպասարկումն է, ոչ թե համազգային օրակարգերի սպասարկումը, այլ ՀՀ քաղաքացիների ազատության, երջանկության, բարեկեցության ապահովումը։ Ընդ որում, ես էստեղ հակասություն խնդրում եմ չտեսնել ՀՀ-ի եւ Սփյուռքի հարաբերությունների միջեւ, որովհետեւ ցանկացած հայ կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն եւ այս խոսակցության ուղիղ շահառուն դառնալ»։

Մյուս սահիկը վերնագրված է «Իրավակարգը», նշված է՝ «ժողովրդական համաձայնեցում, անցած իրավունքի վրա հիմնված արդարություն»։ 
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում ինչպես եղել, այնպես էլ շարունակում է լինել արդարության պահանջարկ, կարիք․ «Կարեւոր է, որ մենք՝ ՀՀ քաղաքացիները, ժողովուրդը, ինքը լինի արդարության ստանդարտի հեղինակը, ստեղծողը, աղբյուրը»։ 

Հաջորդ սահիկը վերաբերում է տնտեսական կարգին․ «Տնտեսական կարգը մենք պատկերացնում ենք հետեւյալ կերպ․ աշխատանքի եւ գործարար ազատության վրա հիմնված սոցիալական արդարություն։ Թեզը հետեւյալն է, որ ՀՀ-ում յուրաքանչյուրը աշխատելու, իր ընդունակություններն իրացնելու եւ իր սոցիալական կարգավիճակը որոշելու հնարավորություն պետք է ունենա։ Աշխատանքի վրա պետք է հիմնված լինի սոցիալական արդարությունը»,- ասաց Փաշինյանը։

Մյուս սահիկը ցուցադրելով՝ Փաշինյանը խոսեց տարածաշրջանային միջավայրի մասին։ «Դա հնչում է հետեւյալ կերպ՝ Վրաստանի եւ Իրանի հետ բարիդրացիության խորացում զարգացում, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում, տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրում, տնտեսական կապերի հաստատում, խորացում, զարգացում։ 

Ինչ է նշանակում թշնամության կառավարում․ նշանակում է այնպես անել, որ էդ թշնամությունն անկառավարելի դրսեւորումներ չունենա մեր տարածաշրջանում, հասցնել այն նվազեցման փուլին, երկարաժամկետ ռազմավարության առումով այն շարժել դեպի զրոյացման ուղղություն»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս առումով հատուկ կարեւորություն են տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որովհետեւ համարում են, որ թշնամության նվազեցումն ու զրոյակցումը հնարավոր են, երբ տնտեսական հաղորդակցությունները բաց են եւ օգտագործվում են գործարարության, հաղորդակցության նպատակների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.