Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շարունակվում են «օտարերկրյա գործակալների» օրենքի դեմ բողոքի ակցիաները։ Երեկ երեկոյան բազմահազարանոց երթը վրացիներն անվանել են «Եվրոպայի երթ»՝ նվիրելով այն մայիսի 9-ին նշվող «Եվրոպայի օրվան»։
Ցուցարարները երթը սկսել են երեք տարբեր տեղերից՝ Հանրապետության հրապարակից, Մարջանիշվիլի հրապարակից և «300 Արագվելի» կայարանից, իսկ վերջում բոլորը միացել են միմյանց Եվրոպայի հրապարակում։
Այսօր մայիսի 12-ին ցուցարարները ծրագրում են հավաքվել Ռուստավելի փողոցում և գիշերել խորհրդարանի շենքի մոտ։ Ծրագրված ցույցը ստացել է «Գիշերենք Վրաստանի համար» անունը։
Հիշեցնենք, որ անցած տարի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը զանգվածային ակցիաների պատճառով հրաժարվեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքից։
Մեկ տարի անց նրանք հայտարարեցին, որ օրինագիծը հետ են բերում: Վրաստանի «օտարերկրյա գործակալների մասին օրենքը» ցուցարարներն անվանում են «ռուսական օրենք»։ Այն ենթադրում է, որ քաղաքացիական հասարակության կամ մեդիա կազմակերպությունները, որոնց ֆինանսավորման առնվազն 20 տոկոսը ստացել են երկրից դուրս գտնվող աղբյուրներից, պետք է համարվեն օտարերկրյա գործակալներ։