Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դոումային (նստավայրը՝ ք․ Թբիլիսի): Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը:
Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Նիդերլանդների հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչին լավագույնս կարող է նպաստել բարձրաստիճան փոխայցերի իրականացումը:
Նախագահը նաև շնորհավորել է դեսպանին գալիք տոնի՝ Նիդերլանդների Ազգային օրվա կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ տնտեսական փոխգործակցությունը խորացնելու հարցը, մասնավորապես գիտության, կրթության, մշակույթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: