«Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ արձակվեցին․ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխվեց վարչական վերահսկողության խափանման միջոցով։
Նրանք երեք ամիս ժամկետով չեն կարող վարել «Իմնեմնիմի» պոդքաստն ու այլ հաղորդումներ։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 18-ին ժամը 16։30-ին։
Հիշեցնենք, որ նրանք ձերբակալվել էին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանությունը) քննվող քրեական վարույթի շրջանակներում։
ՔԿ-ից հայտնել էին, որ խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ Կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին: