Քննչական կոմիտեն հրապարակեց նախաքննական գաղտնիք կազմող տեսանյութը Հրաչ Ղևոնդյանի մասնակցությամբ։
Այս մասին հայտարարություն են տարածել Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանի փաստաբանական խումբը՝ անդրադառնալով նրա ձերբակալման մասին ՔԿ-ի տարածած հայտարարությանը:
«Պաշտպանական կողմը հարկ է համարում նշել, որ ձայնագրության մեջ լսվող ձայնը Հ. Ղևոնդյանինը չէ, հաջորդիվ այն հեռախոսահամարը, որով իբր թե կատարվել է խոսակցությունը «Ավտոատվետչիկ» է և գոյություն չունի, հետևաբար մեղադրանքը ամբողջությամբ հորինվածք է»:
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր՝ Հ.Ղ.-ն (Հրաչյա Ղևոնդյան-խմբ․) լինելով ընդդիմադիր քաղաքական դաշինքի ներկայացուցչի մերձավորը և ունենալով հակաիշխանական հայացքներ, համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից վարվող արտաքին և ներքին քաղաքականության հետ և վերջինիս հետ ունենալով գաղափարական թշնամանք, գիտակցելով, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նպատակադրվել է զավթել իշխանությունը, այն է՝ մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ ոստիկանության շենքերը, ինչպես նաև՝ բռնություն գործադրելու միջոցով տիրանալ Ազգային ժողովի և Կառավարության լիազորություններին, նպատակն իրականացնելու համար դիտավորությամբ ստեղծել են պայմաններ, այդ թվում՝ դիտարկել 2024 թվականի մայիսի 26-ին նախատեսվող հանրահավաքին այն իրագործելու հարցը։