news.am: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է վրացի պաշտոնյաների նկատմամբ վիզային սահմանափակման նոր քաղաքականության մասին, որոնք ընդունել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել երկրում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Բլինքենը հայտարարել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մշակել և ընդունել է օրենսդրություն, որը «կճնշի խոսքի եւ միավորումների ազատությունը, կնեղի Վրաստանի քաղաքացիներին ծառայող կազմակերպություններին և կխոչընդոտի անկախ լրատվամիջոցների աշխատանքը»:
«Քանի որ վրացիները դեմ էին օրենքին, մենք տեսանք ահաբեկման և բռնության արշավի հստակ նշաններ՝ այլախոհությունը ճնշելու համար», – ասաց Բլինքենը:
Նրա խոսքով, թե՛ օրենքը, թե՛ բողոքը ճնշելու համար կիրառվող ռեպրեսիվ մարտավարությունը խարխլում է Վրաստանի ժողովրդավարությունը և հիմնարար ազատությունները, որոնց իրավունքն ունի վրաց ժողովուրդը, և հակասում է Վրաստանի վաղեմի նպատակին, որն արտացոլված է նրա Սահմանադրության մեջ՝ եվրատլանտյան համագործակցության և ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործըընկերության վերաբերյալ:
Ի պատասխան այս գործողությունների՝ Պետքարտուղարությունը նոր վիզային սահմանափակման քաղաքականություն է ներմուծում Վրաստանի համար, որը կտարածվի ժողովրդավարությունը խարխլելու, խաղաղ բողոքները ճնշելու համար պատասխանատու անձանց և նրանց ընտանիքի անդամների վրա։
Ինչպես եզրակացրել է Բլինքենը, յուրաքանչյուր ոք, ով խաթարում է Վրաստանի ժողովրդավարական գործընթացները կամ ինստիտուտները, այդ թվում՝ 2024 թվականի հոկտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ, ընթացքում և դրանից հետո, այդ անձանց մերժվելու են ԱՄՆ մուտքի արտոնագրերը և Միացյալ Նահանգներ մեկնելու իրավունքը:
Բացի այդ, ըստ Բլինքենի, ԱՄՆ-ի ու Վրաստանի երկկողմ համագործակցությունը կարող է վերանայվել։
«Մենք շարունակում ենք հուսալ, որ Վրաստանի իշխանությունները կվերանայեն օրինագիծը և քայլեր կձեռնարկեն ժողովրդավարական և եվրաատլանտյան նկրտումների իրականացման ուղղությամբ առաջ շարժվելու համար։ Քանի որ մենք դիտարկում ենք մեր երկու երկրների հարաբերությունները, մենք հաշվի ենք առնելու Վրաստանի գործողությունները մեր սեփական որոշումներ կայացնելիս»,- հավելել է Բլինքենը: