news.am: Վրաստանի ֆինանսների փոխնախարար Միրզա Գելաշվիլին լքել է պաշտոնը՝ հայտարարելով, որ երկրի ապագան տեսնում է միայն Եվրոպայում, հայտնում է NewsGeorgia-ն։
«Պետական ծառայության10 տարվա աշխատանքից հետո եսհեռանում եմ Վրաստանի ֆինանսների նախարարությունից։ Ես կշարունակեմ իմ կարիերան որպես անհատ խորհրդատու… Շնորհավոր Անկախության տոնը: Վրաստանի ապագան Եվրոպայում է»,- գրել է Գելաշվիլին LinkedIn-ում։
Formula հեռուստաալիքի հետ զրույցում նա հաստատել է, որ որոշումը կապված է օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետ։ Գելաշվիլին ասում է, որ իր որոշումն ընդունել է մեկ ամիս առաջ, երբ իշխող «Վրացական երազանք»-ը կրկին նախաձեռնությունը ներկայացրեց խորհրդարան:
Գելաշվիլիի որոշ գործընկերներ նույնպես բացահայտորեն անհամաձայնություն են հայտնել օտարերկրյա գործակալների մասին օրենքին։ Նրանցից մեկը ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Գեորգի Կակաուրիձեն է։ Ուրբաթ օրը նա լրագրողներին ասել է, որ, իր կարծիքով, տեղին կլինի փոխել նախաձեռնությունը՝ հաշվի առնելով միջազգային գործընկերների դիտողությունները:
Կակաուրիձեն նաև նշել է, որ մտահոգված է Թբիլիսիի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների ներկայիս սրմամբ։ Մեկնաբանելով ռազմավարական գործընկերության վերանայման մասին որոշումը՝ նա հայտարարել է, որ «Վրաստանի եվրաատլանտյան կուրսն ավելի կարևոր է ֆինանսական օգնությունից»։