Այս պահին Հանրապետության հրապարակում ընթացող ակցիայի որոշ մասնակիցներ հարվածներ են հասցրել ոստիկաններին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Ցանկացած հակաօրինական արարք ստանալու է համապատասխան քրեաիրավական գնահատական։
Ակցիայի մասնակիցներին կոչ ենք անում չխախտել օրենքն ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին», – ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ հավաքվել են Հանրապետության հրապարակում․ Կառավարության շենքում ժամը 11։00-ին նախատեսված էր գործադիր նիստը։
ՀՀ կառավարության շենքը ամբողջությամբ շրջափակված է մեծ թվով ոստիկանների կողմից։ Ոստիկանների ու քաղաքացիներ միջև իրավիճակը պարբերաբար լարվում է․ ոստիկանները պահանջում են դուրս գալ երթևեկելի հատվածից, հավաքը անցկացնել ոչ երթևեկելի հատվածում։