Արթուր և Արտակ Սարգսյաններն ազատ արձակվեցին Քննչական կոմիտեից: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ եղբայրները քննիչի որոշմամբ ձերբակալվել էին։
Բաբայանը նշել էր, որ եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ, սակայն նրանց մոտ, նրա խոսքով, զենք չի հայտնաբերվել:
Փաստաբանը հավելել է, որ «Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ»։
Հիշեցնենք նաև, որ հունիսի 3-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բեմահարթակից ներկայացրել էր, իր խոսքով, «շատ հետաքրքիր հայորդիներ» Artur brothers-ին՝ Արտակին և Արթուրին։
«Մեր շատ սիրելի բարեկամները, ընկերները՝ Քենիայից։ Շատ հետաքրքիր հայորդիներ են, սրտով նվիրված, կյանքով։ Արտակը հինգ զավակ ունի, Արթուրը՝ ութ»,- նշել էր սրբազանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։ CivilNetCheck-ը պարզել էր, որ եղբայրները բավականին հայտնի են, սակայն, սկանդալային պատմություններով Քենիայում և Մալդիվներում։