tert.am: Ամերիկյան Foreign Policy հեղինակավոր պարբերականն «Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելն ամոթալի է և ոչ բարոյական» վերնագրով հոդված է հրապարակել, որում ներկայացվում են հայ և հրեա ժողովուրդների միջև նմանությունները:
Հոդվածում մասնավորապես ասվում է, որ երկու ժողովուրդներն էլ 20-րդ դարի ցեղասպանությունների զոհ են դարձել:
«Քայլելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ անհնար է չնկատել Երուսաղեմի հետ ցայտուն նմանությունը: Հուշահամալիրից Երևան քաղաքի վրա բացվող տեսարանը հիշեցնում է Յադ Վաշեմից՝ Հոլոքոստի ժամանակ զոհված 6 մլն հրեաների հիշատակը հավերժացնող գլխավոր հուշահամալիրից բացվող տեսարանը»,- գրում է հոդվածի հեղինակ, հայտնի իսրայելցի գրող և լրագրող Յոսի Մելմանը:
Լրագրողի խոսքով՝ չնայած ընդհանուր ցավին ու ողբերգությանը՝ Իսրայելը երկար տարիներ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վախեցել է Թուրքիայի զայրույթից: