Կառավարության որոշմամբ՝ հուլիսի 11-ին Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան կգումարի:
Նստաշրջանի օրակարգում ներառված հարցերի մի մասը համարվել է հրատապ, իսկ մյուս մասը 2-րդ ընթերցմամբ քննարկման համար նախատեսված նախագծեր են:
Համաձայն որոշման հիմնավորման՝ Ազգային ժողովի հերթական նստաշրջանը ավարտվել է հունիսի 20-ին, իսկ հաջորդ նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբեր ամսվանից: Հերթական նստաշրջանի ավարտից՝ հունիսի 20-ից հետո Ազգային ժողով ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները, ընթացակարգի համաձայն, կարող են Ազգային ժողովում քննարկվել սեպտեմբերից գումարվող հերթական նիստերի ընթացքում:
Արտահերթ նստաշրջան նախաձեռնելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս պահին առկա են օրենսդրական նախաձեռնություններ, որոնց քննարկումը նպատակահարմար է կազմակերպել մինչև սեպտեմբեր ամսվա հերթական նիստերի մեկնարկը:
Առաջարկվում է հուլիսի 11-ին գումարվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի երկու ընթերցում նախատեսող օրենսդրական նախաձեռնությունների երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում, իսկ նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ: