news.am։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել Եվրասիայի երկրների հետ համագործակցության մասին ելույթով, տեղեկացնում է Soyuz.by-ը։
Վլադիմիր Պուտինը նշել է, որ եվրասիական տարածքի պետությունները, չնայած հակամարտություններին եւ անցյալի պատերազմներին, արդյունքում եկել են համագործակցության գաղափարին, որի օրինակն է Եվրասիական տնտեսական միությունը։
«Ռուսաստանը շահագրգռված է բոլոր եվրասիական գործընկերների հետ սերտ փոխգործակցությամբ՝ յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, իրավունքների եւ օրինական շահերի հարգման անսասան սկզբունքների հիման վրա։ Եվ հենց այդ սկզբունքներով էլ մեր գործընկերներ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ կառուցում ենք Եվրասիական տնտեսական միությունը»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը նաեւ նշել է, որ մայիսի 29-ին լրանում է Միության 5-ամյակը, եւ այդ ընթացքում ԵՏՄ-ում ստեղծվել է ընդհանուր շուկա, «ստեղծվում են պայմաններ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի համար, ձեւավորվում են միասնական շուկաներ, ինչպես նաեւ թվային տարածք»։