aysor.am։ Կառավարության այսօրվա նիստում վարչապետին աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։
Նա նշեց, որ առաջարկվում է վերացնել օրենսդրությամբ գործող չափագիտական վերահսկողություն իրականացնելիս ստուգումը սկսելուց առնվազն երեք աշխատանքային օր առաջ տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնելու մասին պահանջը:
«Տնտեսվարող սուբյեկտները, նախապես տեղեկանալով ստուգումների մասին, թերությունները վերացնում են ու պահանջվող նորմերին համապատասխանեցնում են միայն տվյալ օրը», – ասաց Էդուարդ Աղաջանյանը։
Նա նշեց, որ Շուկայի վերահոսկողության տեսչական մարմինը պարբերաբար ահազանգեր է ստանում, որ բենզալցակայաններում թերացումներ են լինում։
«Առաջարկվող օրենքի փոփոխությամբ մենք փաստացի կարող ենք այդ խոչընդոտները վերացնել», – ասաց Էդուարդ Աղաջանյանը։
Նա նշեց, որ այս որոշմամբ կանխելու են նաև գազալցակայաններում տիրող նման իրավիճակը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն էլ ասաց, որ առաջարկում է, որպեսզի ստուգման ակտը դիտվի որպես ապացույց․
«Որովհետև քրեական գործերի քննության ընթացքում գերատեսչություններրի կողմից անցկացված ստուգման ակտերը չենք կարողնաում դիտել ապացույց միայն այն հանգամանքի համար, որ ստուգողները չեն նախազգուշացվում ակնհայտ կեղծ ակտ տալու համար», – ասաց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ կարող են համատեղ նախագիծը գրել ու եթե հասցնեն, Ազգային ժողովում քննարկման ընթացքում հիմնական զեկուցողի կողմից այն կարող է ներմուծվել նախագծի մեջ ու ընթացք ստանալ։