azatutyun.am: Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի շաբաթ անց Վլադիմիր Զելենսկին արմատական կադրային փոխատեղումներ է նախաձեռնում: Երեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահի հրամանագրով պաշտոնանկ արվեցին երկրի 25 նահանգապետերից 15-ը:
Բացի այդ, Վլադիմիր Զելենսկին երկրի խորհրդարանի հաստատմանը ներկայացրեց նոր արտգործնախարարի թեկնածությունը: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում Զելենսկին առաջարկում է նշանակել կադրային դիվանագետ Վադիմ Պրիստայկոյին:
Կադրային փոխատեղումներից բացի, Զելենսկին երեքշաբթի օրը հասցրեց մասնակցել Ուկրաինայի Սահմանադրական դատարանի նիստին, որտեղ քննվում էր նորընտիր նախագահի առաջին հրամանագրերից մեկի` Գերագույն ռադայի լուծարման մասին որոշման սահմանադրականությունը:
Դիմելով դատարանի անդամներին՝ Զելենսկին նշում էր․ – «Ես չէ, որ պետք է բացատրեմ ձեզ, թե ինչ է նշանակում «օրենքի տառին և ոգուն» համապատասխան: Ես համոզված եմ, որ Գերագույն ռադայի լուծարման մասին իմ որոշումը այդ երկու չափանիշներին էլ համապատասխանում է: Վերջին հարցումների համաձայն՝ Գերագույն ռադային վստահում է ուկրաինացիների ընդամենը չորս տոկոսը: Կարելի է արձանագրել, որ Ուկրիանայի ժողովուրդը ողջունում է խորհրդարանի լուծարումը»:
Սահմանադրական դատարան հայցադիմում ներկայացրած Ռադայի պատգամավորները, սակայն, պնդում են` Զելենսկին, լուծարելով երկրի խորհրդարանը, կոպտորեն խախտել է Սահմանադրությունը:
Գերագույն ռադայի լուծարման հարցով վերջնական վճիռը Ուկրաինայի Սահմանադրական դատարանը կայացնելու է մինչև հունիսի 29-ը: