ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է նախօրեին Վրաստանում հայերի ու վրացի ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի հարցով այդ երկրի հանրային պաշտպանի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին:
Ախալքալաքի Ազատության փողոցի սկզբնամասում միջադեպ է տեղի ունեցել՝ տեղի շրջիկ ոստիկանների ու հայ համայնքի ներկայացուցիչների միջև:
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա գործընկերոջս՝ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ կապված Ախալքալաքում մեր հայրենակիցների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Գործընկերս ինձ տեղեկացրեց, որ միջադեպի հետ կապված հանգամանքներն առաջին իսկ պահից եղել են իր անմիջական ուշադրության ներքո։ Նա իր հատուկ ներկայացուցչին է ուղարկել Ոստիկանության բաժին, ապա հիվանդանոց։ Մեկ անձ գրեթե անմիջապես ազատ է արձակվել, մյուսը բուժում է ստանում հիվանդանոցում, որի պատճառով հնարավոր չի եղել առանձնազրույց ունենալ նրա հետ:
Տիկին Լոմջարիան նշեց, որ կշարունակի ուշադրության ներքո պահել հարցը:
Պայմանավորվեցինք, որ որևէ խնդրի դեպքում մեր հայրենակիցները կարող են դիմել ինչպես Վրաստանի հանրային պաշտպանին, այնպես էլ ինձ:
Բարձր եմ գնահատում Վրաստանի իմ գործընկերոջ պատրաստակամությունը, նրա հետ համատեղ աշխատանքս ու շնորհակալ եմ արագ արձագանքի համար»,- գրել է Արման Թաթոյանը: