Նպաստների համակարգը պետք է դառնա ժամանակավոր աջակցության գործիք. Ժաննա Անդրեասյան

«Ներկայումս կառավարության քաղաքականությունն ուղղված է կայուն եկամտի ձևավորման միջոցով ընտանիքին դժվար վիճակից հանելուն:

Պետության կողմից աջակցության համակարգը պետք է լինի այնպիսին, որ իրականում հնարավորություն ընձեռի հաղթահարել իրավիճակը, ոչ թե տարիներ շարունակ ստանալ աջակցություն, սակայն պահպանել նույն կյանքի որակն ու կենսամակարդակը, որը, մեղմ ասած, լավը չէ»,- այս մասին մարզային Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (ՍԱՏԳ) ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Փոխնախարարը տեղեկացրել է, որ այսուհետ նպաստների համակարգում գտնվող աշխատունակ անդամին տրվելու է որոշակի ժամանակ, որի ընթացքում նա պետք է ապահովվի աշխատանքով։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատունակ անձանց համար կայուն եկամտի աղբյուրի ստեղծումը, իսկ նպաստների համակարգը պետք է դառնա ժամանակավոր աջակցության գործիք, որը մարդկանց հնարավորություն կտա հաղթահարել սոցիալական խոցելի վիճակը․ «Եթե տվյալ անձը մասնագիտական վերապատրաստման կարիք ունի, մենք մեր զբաղվածության կենտրոնների միջոցով դա կապահովենք։

Երբ անձը անցնի աշխատանքի, որոշ ժամանակ կշարունակի օգտվել սոցիալական աջակցությունից, որպեսզի նրա սոցիալական վիճակը կայունանա։ Բայց, նրա հետ տարված աշխատանքներից կամ զբաղվածության առաջարկից հետո աշխատանքից հրաժարվելու դեպքում, քաղաքացին մեխանիկորեն դուրս կմնա նպաստի համակարգից»,- պարզաբանել է փոխնախարարը։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարության քաղաքականության մի քանի կարևոր սկզբունքներ, որոնց ուղղությամբ արդեն իսկ տարվում են նպատակային աշխատանքներ։ Ըստ այդմ, նախատեսվում է արդյունավետ քայլեր ձեռնարկել ծայրահեղ աղքատության վերացման ուղղությամբ, նաև կներդրվի սոցիալական դեպքի վարման տեղեկատվական համակարգ, որը մինչև օգոստոսի վերջ ամբողջովին պատրաստ կլինի գործարկման։

Հանդիպման ընթացքում փոխնախարարը կարևորել է տնայցերի ֆինանսավորման մեխանիզմի կիրառումը, ինչը հնարավորություն կտա գալիք տարվանից ունենալ առանձնացված ֆինանսավորման կարգ և այցերի պատշաճ կազմակերպում. «Անչափ կարևոր է ընտանիքների հետ տարվող աշխատանքը՝ երեխաների մուտքը խնամքի հաստատություններ կանխարգելելու տեսանկյունից։

Նախնական կարիքի գնահատումը, երեխայի հետագա խնամքի կազմակերպման հնարավորությունների բացահայտումը ոչ միշտ է պատշաճ իրականացվում, այնինչ դա հաճախ ճակատագրական նշանակություն է ունենում, որովհետև դրանից ելնելով է որոշվում՝ երեխային ուղեգրե՞լ շուրջօրյա խնամքի հաստատություն, թե՞ նրա խնամքը որևէ այլ տարբերակով կազմակերպել։

Պետք է ուշադրության կենտրոնում պահել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների կարիքների գնահատումը՝ որպես առանցքային խնդիր»,- ասել է Ժ․Անդրեասյանը։ Փոխնախարարը Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների ներկայացուցիչներին հանձնարարել է ճշգրտել իրենց գործունեության շրջանակում գտնվող նպաստառու և աշխատունակ անդամ ունեցող ընտանիքների թիվը, նրանց տվյալները, ինչպես նաև՝ վերջիններիս հետ քննարկել զբաղվածության անցնելու՝ պարտադիր նախապայմանի հարցը։

Ժ․Անդրեասյանը նաև անհրաժեշտ է համարել փոխել այն թյուրընկալումը, որ ՍԱՏԳ-ները նպաստ բաժանելու գործառույթ իրականացնող օղակներ են և կարևորել այս ուղղությամբ տարվող արդյունավետ աշխատանքի ակտիվացումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.