azatutyun.am։ «Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները կրկին ներկայացրել են այն փաստաթղթերը, որոնք նախկինում քննարկվել են», – Turan գործակալության փոխանցմամբ՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հունիսի 20-ին կայացած հանդիպումը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը:
«Անպայման չէ շփման գծում վերականգնել անդորրը և նոր բանակցություններ վարել: Մենք պետք է բովանդակային բանակցություններ վարենք: Այժմ մենք աշխատում ենք համանախագահների` մարտի 9-ին հրապարակած հայտարարության հիման վրա: Այդ փաստաթղթի որոշ դրույթների հետ մենք համաձայն ենք, որոշ դրույթների հետ` ոչ», – նշել է Մամեդյարովը`պնդելով, որ այդ հայտարարության համաձայն հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից:
«Մնացյալը կարող է որոշվել դրանից հետո», – նշել է Ադրբեջանի արտգործնախարարը:
«Հայկական կողմը ամեն անգամ շրջանառում է անվտանգության և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցերը: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա տարածաշրջանում կարող են խաղաղապահ ուժեր տեղակայվել», – հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: