lragir.am։ «Եթե «Իմ քայլը» խմբակցությունը որոշում է այս կամ այն թեկնածուի վերաբերյալ որոշում կայացնել, բնականաբար, դա քաղաքական որոշում է: Եվ մենք չպետք է խուսափենք քաղաքական որոշում կայացնելուց»,- Ազգային ժողողովում ՍԴ անդամի թեկնածուի ընտրության հարցի քննարկմնա ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ երբ ասում են, թե Վահե Գրիգորյանի վերաբերյալ քաղաքական որոշում կայացրեցին, գործուղեցին, հետո թելադրելու են այս կամ այն որոշումները, ըստ Հովհաննիսյանի նման հայտարարություններ անողներն ընդհանրապես չեն ճանաչում Վահե Գրիգորյանին:
«Ես վստահ եմ, որ որևէ մեկը չի կարող Վահե Գրիգորյանին որևէ հարցով զանգել կամ որևէ բան խնդրել, եթե դա դուրս է իրավական շրջանակներից»,- ասաց Հովաննիսյանը:
Նա նշեց, որ բնական է, որ Վահե Գրիգորյանի հարցով հիստերիա պետք է լիներ:
«Ամբողջ ֆեյսբուքչի կեղծ ստատուսչիները զբաղված են տարբեր տեսակի ինչ-որ բաներ գրելով, հետո իրենց մամուլի միջոցներով տարածելով, որովհետև հիստերիայի մեջ են: Դե պետք ա հիստերիայի մեջ լինեն, որովհետև պետք է վախենան իրավական պետությունից, որովհետև իրենք միշտ հակաիրավական են եղել:
Եվ իրենք ուզում են հետ գնալ այդ հակաիրավական դաշտը, չի լինելու այլևս: Եվ այդ պատճառով նրանք այսօր վախի մեջ են և պետք է մնան ու ապրեն վախի մեջ, որովհետև դա է եղել իրենց կենսակերպը»,- հայտարարեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Նա հավելեց, որ Սահմանադրական դատարանը չի ընկալվել որպես ինստիտուտ, որովհետև այդ դատարանի որոշումները չեն ազդել մեր երկրի առօրյայի վրա:
«Տարիներ շարունակ մենք խոսում ենք, թե ինչից են բողոքում ՀՀ քաղաքացիները, ինչի համար են արտագաղթում:
Նրա համար, որ շատերս լռել ենք ՀՀ-ում տեղի ունեցած հակաիրավական տարաբնույթ երևույթների դեմ: ՀՀ քաղաքացիների մեծ մասն արտագաղթել են ոչ թե սոցիալական վիճակից ելնելով, այլ արդարադատության զգացումի պակասից ելնելով: Եվ այսօր թե վեթինգի համակարգով, թե այսօրվա ընտրությամբ մենք փորձ ենք կատարում վերականգնել արդարադատության զգացողությունը»,- ասաց նա: