shantnews.am: Մոսկվայի մարզի Պուտիլկովո գյուղում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկն անհետ կորել է: Նշենք, որ այդ միջադեպի հետևանքով մահացել է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը:
Կորած երիտասարդի հայրը՝ Ռոմիկ Հայրապետյանը, դիմել է ոստիկանություն՝ որդու նկատմամբ հետախուզում հայտարարելու համար։
Հովհաննես Հայրապետյանը, որը կասկածվում է նախկին հատուկջոկատայինի սպանության մեջ, միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք է ստացել։
«Չի բացառվում, որ նա մահացել է ստացած վնասվածքներից։ Հնարավոր է, նրան ձերբակալել են, բայց թաքցնում են։ Քննչական մարմինները, հնարավոր է, սպասում են մինչև հանրային հետաքրքրությունը նվազի։ Վնասվածքները թաքցնել անհնար է, դրանք կատարվածի պատկերն ամբողջությամբ փոխում են»,- «Московский комсомолец»-ին մեկնաբանել է Հովհաննես Հայրապետյանի փաստաբան Կարեն Ներսիսյանը։
Փաստաբանի խոսքերով՝ Հովհաննես Հայրապետյանին, ամենայն հավանականությամբ, կրակել է մահացած հատուկջոկատայինը, քանի որ միայն նա է զենք ունեցել։
Հովհաննես Հայրապետյանը միջադեպին մասնակցել է իր եղբայրների՝ Համլետի և Հրանտի հետ։ Նրանք նշելիս են եղել Հրանտի ծննդյան օրը։
Համլետ և Հրանտ Հայրապետյանները ներկայումս կալանավորված են։