Մայիսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի ԵՄ հարցերով գլխավոր քարտուղար Ռորի Մոնթգոմերիին և Հայաստանում Իռլանդիայի դեսպան Մայքլ Ֆորբսին։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու առկա մեծ ներուժի հիման վրա հայ-իռլանդական երկկողմ օրակարգի առավել խորացման և հարստացման ուղղությամբ: Որպես համագործակցության կարևոր ուղղություն՝ զրուցակիցներն առանձնացրել են բարձր տեխնոլոգիաների, նորարարության, ստեղագործ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ այդ առնչությամբ գոհունակություն հայտնելով միջազգային կառույցներում երկու երկրների միջև համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ:
Անդրադարձ կատարելով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հատկապես Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի և Կառավարության՝ զարգացման օրակարգի առաջմղմանն ուղղված ջանքերի համատեքստում։
Նույն օրն իռլանդական պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ինչպես նաև՝ շրջայց կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որից հետո գրառում կատարել Հուշամատյանում։