Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր․ ԼՀԿ պատգամավոր

tert.am:  Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր։ Ցանկացած անհատական մեկնաբանություն սահմանադրական նորմերի վերաբերյալ մեզ համար անընդունելի է․ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նա նաև նկատեց, որ ԱԺ-ում Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ ընտրվելու պահից սկսած ստանձնում է ՍԴ դատավորի պարտականությունները, մինչդեռ մինչ այս պահը դա տեսանելի չէ։

«Պարոն Գրիգորյանը եկավ, ԱԺ-ում հայտարարեց, որ այս պահին ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները, բայց, ինչպես տեսնում եք, անցել է մի քանի օր և նա չի ստանձնել այդ լիազորությունները։ Եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, կարծում եմ՝ նա կունենա լուրջ խնդիրներ», – նշեց Սամսոնյանը։

Ըստ պատգամավորի՝ մեկ անձ չի կարող լինել իրավունքի աղբյուր․ «Մեկ անձը չի կարող ՀՀ-ում լինել իրավունքի աղբյուր, որոշել սահմանադրական նորմերը մեկնաբանել, և դրանք դառնան պարտադիր կատարման համար»։

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն էլ նկատեց, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել համապատասխան իրավական ակտերով, որը վիճարկելու համար պետք է դիմել վարչական դատարան։

«Պարոն Թովմասյանը ՍԴ նախագահ ընտրվել է համապատասխան իրավական ակտերով՝ ԱԺ որոշմամբ ու դրան հաջորդող իրավական ակտերով։ Եթե պարոն Գրիգորյանը գտնում է, որ տվյալ ակտերը իրավաբանորեն վիճարկելի են, կարող է դիմել վարչական դատարան և այդտեղ վիճարկել», – ասաց Կարեն Սիմոնյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.