Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԽ պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությանը

Օգոստոսի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ Մարտին Զոնեբորնի գլխավորությամբ Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամներին։

Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակության անդամներին և շնորհավորել Մարտին Զոնեբորնին՝ Եվրոպական խորհրդարան վերընտրվելու կապակցությամբ։ ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ նման այցելությունները պատեհ առիթ են ընձեռում՝ Արցախն ավելի խոր և համակողմանի ճանաչելու, ծանոթանալու երկրում առկա իրողություններին և նոր ձեռքբերումներին, ինչպես նաև ընդլայնելու Արցախի բարեկամների շրջանակը և ստեղծելու նոր կապեր՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։

Մարտին Զոնեբորնի խնդրանքով Մասիս Մայիլյանը ներկայացրել է հակամարտության գոտում տիրող իրավիճակը, ինչպես նաև Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթ ուղղություններով ձեռք բերված արդյունքները։

Անդրադարձ է կատարվել նաև Արցախ-ԵՄ հարաբերություններին։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի Հանրապետության իշխանությունների շահագրգռվածությունը կրթության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների կարողությունների բարձրացման և մարդասիրական տարբեր ոլորտներում համագործակցության մեջ։

Այս համատեքստում Մասիս Մայիլյանը կարևորել է Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի կազմի նորացումը՝ ընդգծելով նրա առանցքային դերակատարությունը Եվրախորհրդարանում Արցախի մասին հավաստի տեղեկատվության տարածման և հանրապետության շահերի խթանման գործում։

Արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հանրապետությունում պետականաշինությանը, Արցախի միջազգային ճանաչմանն ու համագործակցությանը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.