2018թ․-ին մեկնարկած «Recycle it!» նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի և Կոկա Կոլա հիմնադրամի կողմից, ՀՀ Կառավարությունը` ներառյալ 12 նախարարությունները և նրանց ստորաբաժանումները, սկսել են տեսակավորել պլաստիկը, թուղթը, մետաղը և/կամ ապակին։
Ծրագիրն իրականացվում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության (ISSD ՀԿ) կողմից։
ՀՀ Կառավարությունում և պետական այլ կառույցներում տեղադրվել են 50-ից ավել տեսակավորման ամաններ, իսկ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում տեղադրվելու են 30-ից ավել լրացուցիչ ամաններ։ «Recycle it!» նախագծի մեկնարկից ի վեր, ծրագրին են միացել ավելի քան 200 կազմակերպություններ (ներառյալ 80 կրթական հաստատություններ), իսկ շահառուների թիվը գերազանցում է 200,000-ը։
Ս․թ․ սեպտեմբերին ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ ՈՒՎԿ-ի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ, Երևանի կենտրոն վարչական շրջանում տեղադրվելու է պլաստիկ շշերի համար նախատեսված երկու բաժնից բաղկացած 13 տեսակավորման ամաններ։ Ամանները տեղադրվելու են հետևյալ տարածքներում՝
- Պոպլովոկի այգի (2 հատ)
- Կոմիտասի պուրակ (1 հատ)
- Կասկադ (1 հատ)
- Հյուսիսային պողոտա (3 հատ)
- Անգլիական այգի (2 հատ)
- Կարապի լիճ (1 հատ)
- Հանրապետության հրապարակ (1 հատ)
- Խաչքարերի պուրակ (2 հատ)
Նշենք, որ «Recycle it!» ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի/թափոնների տարանջատման և վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ տեսակավորման ամանների տեղադրման և թափոնների կառավարման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով:
Հայցում ենք բոլոր քաղաքացիների աջակցությունը Հայաստանում թափոնների տեսակավորման մշակույթի ամրապնդման համար՝ խնդրելով տեսակավորման աման նետել համապատասխան թափոնները։