tert.am: Ուկրաինայի ժամանակավորապես շրջափակված տարածքների հարցերով նախարարի տեղակալ Յուրի Գրիմչակը հայտարարել է, որ Դոնբասի՝ Կիևի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքների բնակիչներին ՌԴ անձնագրեր ստանալու համար պետք է զրկել ուկրաինական քաղաքացիությունից:
Ինչպես նշում է 5.ua-ն, պաշտոնյան մանրամասնել է, որ Ուկրաինայի սահմանադրությունը քաղաքացիներին իրավունք է տալիս միայն մեկ երկրի անձնագիր ունենալ:
«Ուստի նրանք, ովքեր կստանան կամ արդեն ստանում են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, կարող են կորցնել Ուկրաինայի քաղաքացիությունը»,-ասել է տեղակալը:
Գրիմչակի համոզմամբ՝ պարզեցված կարգով ռուսական անձնագրերի տրամադրումը, ըստ ամենայնի, կթեթևացնի «այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների գրոհայինների կյանքը», ինչն էլ ռուսական իշխանությունների նպատակն է:
Ըստ պաշտոնյայի՝ ռուսական քաղաքացիության տրամադրման արդյունքում Մոսկվան ապագայում հիմքեր կունենա հայտարարելու, որ Ուկրաինայի արևելքում պաշտպանում է իր քաղաքացիներին: Բացի այդ, հիշյալ ինքնակոչ հանրապետությունների ղեկավարները, ՌԴ քաղաքացիություն ստանալով, կկարողանան ապագայում Ուկրաինայի տարածքում խուսափել քրեական հետապնդումից: