tert.am: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հետմահու քրեական գործ չի հարուցի Միխայիլ Խաչատուրյանի դեմ, որի սպանության համար մեղադրվում են նրա երեք դուստրերը: Այս մասին РИА Новости-ին հայտնել է փաստաբան Ալեքսեյ Պարշինը:
Նրա խոսքով՝ նախ քննիչը պետք է Խաչատուրյանի մահվան վերաբերյալ հետմահու քրեական գործ հարուցելուց հրաժարվելու վերաբերյալ որոշում կայացնի:
«Այդ որոշումը վերականգնողական չէ, քանի որ դրանում թվարկված են հանցանքներ, որոնք նա գործել է որպես արձանագրված փաստ»,- ասել է փաստաբանը:
Պարշինը նշել է, որ եթե հարազատները համաձայն չլինեն նման որոշման հետ, ապա գործն ամեն դեպքում կհարուցվի հանգուցյալի անմեղությունն ապացուցելու համար:
Հիշեցնենք, որ Մոսկվայում անցյալ տարի սպանված 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ որոշվում էր հետմահու քրեական գործ հարուցելու հարցը՝ «Խոշտանգումներ», «Սեռական բնույթի բռնի գործողություններ», «Սեռական բնույթի գործողությունների դրդում» հոդվածներով: Քննիչները ենթադրում էին, որ տղամարդու պահվածքը կարող էր նրա սպանության դրդապատճառ դառնալ:
Հունիսին ՌԴ Քննչական կոմիտեն քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք էր ներկայացրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Այս հոդվածով նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: