panarmenian.net։ Սիբիրում և Հեռավոր Արևելքում մոլեգնող հրդեհները, չնայած մի քանի գերատեսչությունների և կամավորների համատեղ գործողություններին, հազիվ թե հնարավոր լինի մարել մինչև ամռան ավարտը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Գրիգորի Կուկսինը, գրում է «Իզվեստիան»:
Ըստ ՌԴ ԱԻՆ-ի, դեռևս 470 օջախ ակտիվ է: Ծուխը ծածկել է հարյուրավոր բնակավայրեր 5 տարածաշրջաններում: Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել հատուկ միջոցներ ձեռնարկել: Բնապահպաններն ասում են, որ տարերքին հնարավոր կլինի հաղթել միայն աշնան անձրևների մեկնարկի հետ, իսկ առայժմ այդպիսիք չեն սպասվում:
Ռազմական օդաչուները մարել են կրակն անվերահսկվող տարածման 1,1 մլն հա ընդհանուր տարածքից 450 հազարում: Կրասնոյարսկի երկրամասում և Իրկուտսկի շրջանում մարվել է 116 մեծ հրդեհ: Աշխատանքներում ընդգրկված են Իլ-76-ն ու Մի-8 ուղղաթիռները: