tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Կրեմլի տարածած հայտարարությանը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Մոսկվայի նախաձեռնությամբ:
Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել զրուցակցին հատուկ ծառայությունների միջոցով փոխանցված տեղեկատվության համար, որի օգնությամբ հնարավոր է եղել Ռուսաստանում ահաբեկչական հարձակումներ կանխել:
Բացի այդ, համաշխարհային առաջնորդները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում:
Ուրբաթ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է երկու ռուսաստանցու, որոնք մտադիր են եղել Սանկտ Պետերբուրգում Նոր տարվա ընթացքում մարդաշատ վայրերում ահաբեկչություն իրականացնել: