shantnews.am։ Երևանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր առավոտյան մեկնարկել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված՝ «Ապրել խելացի, հզորացնել երիտասարդներին» խորագրով համաժողովը: Նախաձեռնության հեղինակները ՀՀ արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններն են:
Բացման խոսքով հանդես են եկել ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և այլ պաշտոնյաներ:
Համաժողովին հրավիրված են ինչպես հայաստանյան, այնպես էլ Արևելյան գործընկերության մասնակից երկրների պաշտոնյաներ ու դիվանագետներ:
Ելույթով է հանդես եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ Արևելյան գործընկերության ծրագրի 10 տարվա ընթացքում հսկայական ներուժ է կուտակվել երիտասարդության մեջ, որպեսզի կարողանա իրագործել հատկապես տեխնոլոգիական ոլորտներում իր հմտությունները: Այդ առումով ՀՀ նախագահը շեշտել է եվրոպական առաջատար ընկերությունների հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը:
Քննարկվել են նաև կրթությանը, ձեռնարկատիրությանը, երիտասարդությանը, ստեղծարար մտածողությանը, թվայնացմանն ու խելացի մասնագիտացումներին վերաբերող հարցեր: