Նախարարն ընդունում է՝ պետական ֆինանսների ռազմավարությունը չափելիության խնդիր ունի |civilnet.am|

civilnet.am: Ֆինանսների նախարարությունը ներկացրել է «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների ռազմավարությունը»։ Նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունում է, որ ռազմավարությունը չափելիության խնդիրներ ունի:

Դեկտեմբերի 7-ին հրավիրած ասուլիսին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը շուրջ մեկ խոսեց «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների ռազմավարության» մասին, սակայն հստակ չափելի թիրախային ցուցանիշներ չնշեց:

  • Ռազմավարության նպատակները

Ըստ ռազմավարության՝ պետական ֆինանսների կառավարման համակարգում բարեփոխումների նպատակներն են․

– բարձրացնել հարկաբյուջետային կարգապահությունը,

– ապահովել հարկաբյուջետային համարժեք քաղաքականության իրականացումը,

– բարձրացնել բյուջետային համակարգի կանխատեսելիութունը,

– երաշխավորել միջոցների համապատասխանությունը գերակայություններին ու քաղաքականության նպատակներին,

– ապահովել հանրային բարիքի օգտագործման հաշվետվողականությունը և թափանցիկությունը:

«Մեր նպատակն է մինիմումի հասցնել հայտարարված ռազմավարական միջոցառումների և նպատակների միջև խզումը: Այս ամենը պետք է լինի թափանցիկ ու հաշվետվողականության հենքի վրա դրվի, որպեսզի տարընկալումների տեղիք չտա»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ռազմավարությունը կառուցելիս առաջնորդվել են կառավարության ծրագրային դրույթներով:

Դրանք են ծախսարդյունավետություն հարաբերակցության բարձրացումը, պետական պարտքի արդյունավետ կառավարումը, ստվերային տնտեսության կրճատումը և միրցունակ գործարար միջավայրի ձևավորումը, պետական միջոցների խնայողական ու արդյունավետ օգտագործումը․ «Մեր գործողություններում պետք է ձգտենք հավելյալ արժեքի ստեղծմանը: Մենք պետք է ձևավորենք համախապասխան միջավայր ու կառուցակարգեր, որպեսզի հենց այդ հավելյալ արդյունքը ստեղծվի»։

Նախարարի խոսքով՝ ռազմավարական նպատակներին հասելու համար կառավարությունում պետք է գործողությունների, քայլերի ու միջոցառումների ներդաշնակեցում․ «Հակառակ պարագայում ռիսկ կա, որ, պատկերավոր ասած, նավապետը վերցրել է մի ուղղություն, սակայն նավի վրա մյուսները նույն ուղղությամբ չեն թիավարում»։

Ջանջուղազյանը նշեց, որ պետական միջոցների ծախսման հիմնական նպատակը պետք է լինի հանրության համար մատուցվող ծառայություների արդյունավետության բարձարացումը:

«Այս մոտեցումը դրված է նաև ծրագրային բյուջետավորման հիմքում, – ասաց նա և հավելեց, որ այս նպատակն է դրված նաև պետության իրականացրած կապիտալ ծախսերում:- Այն ոչ միայն ուղղված է լինելու այս պահին ինչ-որ խնդիրներ լուծելուն, այլև ապագայում տնտեսության պոտենցիալի բարձրացմանը»։

Ըստ նախարարի՝ այս նպատակով իրականացվում են բարեփոխումներ պետական գնումների համակարգում:

Ռազմավարական միջոցառումների ցանկում է նաև հանրային ներդրումների կառավարման համակարգի բարեփոխումը․ «Նախկինում կապիտալ ներդրումները կատարվել են հիմնականում վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին, որոնք նախօրոք քննարկումների արդյունքում արդեն կանխորոշված են եղել, թե որ ծրագրերում են ներդրվելու: Այժմ մենք ունենք մեր գեներացված միջոցները և պետք է հստակ հասկանանք, որտեղ ենք ներդնելու և ինչ արդյունքների ենք հասնելու»,- ասաց նա:

  • Չափելիության խնդիրը

Նախարարն անկեղծացավ՝ բոլոր ուղղությունները և թիրախային ցուցանիշները, որոնք ներկայացված են այս ռազմավարությունում, ճշգրիտ մաթեմաթիկական չափումների հաճախ չեն տրվում:

«Կան ցուցանիշներ, որոնք շատ հստակ չափելի են, կան, որ չեն տրվում չափումների: Այն գուցե ապագայում ավելի չափելի դառնա, – ասաց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ կարելի է որպես ընդհանրական ցուցանիշ դիտարկել երկրի մրցունակության բարձրացումը:- Այստեղ էլ խնդիր կա, արդյոք դա այն ցուցանի՞շն է, որին պետք է հասներ երկիրը, թե՞ ավելին կարող էր արվել»:

Ջանջուղազյանն այլ օրինակով փորձեց բացատրել, թե ինչու ռազմավարական նշանակության փաստաթուղթում թիրախավորված որոշ ցուցանիշներ չափելիության առումով խնդիրներ ունեն: «Օրինակ, մենք նպատակադրել ենք պետական պարտքի դեֆիցիտի ֆինանսավորման ծավալում ներքին ռեսուրսների ներգարվումը հասցնել 50 տոկոսի։ Եթե գերազանցենք այդ ցուցանիշը, նշանակում է լավ ենք աշխատել: Կամ հակառակը»,- ասաց նա: Սա պետական միջոցների կառավարման տեսանկյունից միջազգայինորեն ընդունված ստանդարտ է և վկայում է երկրի ներսում պետության նկատմամբ հանրային վստահության աստիճանի մասին:

Ռազմավարական նպատակներից է նաև կառավարության աշխատակազմի արդյունավտության բարձրացումը․ «Դա ղեկավար-աշխատող հարաբերակցությանն է վերաբերում, ինչպես նաև զբաղվածության արդյունավետությանը: Խոսքը նաև զբաղեցրած տարածքի մասին է, ինչպես նաև ավտոպարկի»:

Նախարարի խոսքով՝ ֆինանսների նախարարությունը, օրինակ, այժմ չորս ավտոմեքենա ունի՝ նախկին քսանի փոխարեն, բայց կա նաև թերբեռնվածություն աշխատատեղերի առումով:

«Արդյունավտության մասին խոսակցությունը պետք է կյանքի կոչվի, որը ենթադրում է նաև վարձատրության բարձրացում, որպեսզի աշխատատեղերը լինեն մրցակցային՝ որակյալ կադրերի ներգրավման տեսանկյունից: Մենք չպետք է թույլ տանք, որ մոտիվացիան ընկնի, և տեղի ունենա աշխատողների հոսք մասնավոր հատված», – ասաց նախարարը։

Նա նշեց, որ ֆինանսների նախարարության աշխատանքից հանրային դժգոհությունը ոչ ավելացել, ոչ պակասել է․ «Որքան դժգոհ էին, այնքան էլ մնում են դժգոհ»:

ՍիվիլՆեթի հարցերին՝ ուղղված փաստաթղթի չափելիության խնդիրներին, Ջանջուղազյանն ընդհանրական պատասխաններ էր տալիս՝ որոշ դեպքերում, իհարկե, ներկայացնելով թիրախային ցուցանիշներ: Նախարարը հախուռն էր ներկայացնում ռազմավարությամբ նախանշված թիրախային ցուցանիշները, դրանց հասնելուն ուղղված հիմնական միջոցառումները՝ հաճախ չնշելով հստակ թվային ցուցանիշներ:

«Սա կյանքի կոչելու համար անհրաժաշետ են որակյալ կարդրեր, որոնց չլինելու դեպքում՝ ինչպե՞ս սա իրականացնել»,- ասաց նա՝ նկատի ունենալով, որ այս առումով ռազմավարությունը դժվար է հստակ չափելի դարձնել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Քաղաքացու մոտ պետք է ձևավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում». քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը

Ջանջուղազյանը՝ կրճատումների մասին. փաստաթղթում չկա կոնկրետ թիվ |panarmenian.net|

ԱԺ-ն դեմ քվեարկեց ֆինանսների նախարարի հրաժարականի առաջարկին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.