news.am: Մինչեւ հիմա էլեկտրոնային առողջապահությունն աշխատում է որպես հիմնականում հաշվապահական գործիք, այսինքն միայն ֆինանսական հաշվետվություններ է ներկայացնում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կառավարության նիստում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունները եւ հակարից օրինագծերը ներկայացնելիս նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Հիմա մենք կկարողանանք ներառել բոլոր բժշկական հաստատություններին, բոլոր տեսակի կլինիկական ինֆորմացիաները ներդնելու համար: Այսինքն պացիենտի հիվանդության պատմություն, որը թույլ կտա ապանձնավորած օգտագործել այդ տվյալները, թե ցանկացած պացիենտ կունենա իր հաշիվը, որտեղ նշված կլինեն իր բոլոր հիվանդությունները, նաեւ կբերի ամեն տեսակի թղթերի վերացման»,-ասաց նախարարը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նկատեց, որ այս նախագիծը չի ապահովում բավարար երաշխիքներ, որ առանց դատապարտյալի համաձայնության բժշկական գաղտնիք պարունակող տվյալներ չեն փոխանցվի տարբեր կառույցների: Քրեակատարողական բժշկության կենտրոնը առնվազն պետք է հնարավորություն ունենա մերժելու Քրեակատարողական ծառայության նմանատիպ տվյալներ ստանալու խնդրանքը, որովհետեւ այդ երաշխիքի նպատակն է պաշտպանել անձին հնարավոր հետապնդումներից:
Պայմանները շատ լայն են, ասում ՝ եթե կապված է նշանակված պատժի կատարման հետ կամ վարգաքծի նկատմաբ հսկողության հետ: Սա այնքան լայն կարգավորում է, որ ինչ ասես սրա տակ կարող է մտնել: Պատճառաբանված որոշման չափանիշ էլ չկա»,-ընդգծեց Թաթոյանը:
Նա խոսեց նաեւ գործող պրակտիկայից. «Օրինակ, ՔԿ ծառայողները գիտեն, թե ինչ դոզայով դեղեր են ստանում դատապարտյալները: Գոնե պետք է նեղացնենք շրջանակը, որ այն վերաբերի հենց առողջական վիճակին»:
Վարչապետը կոչ արեց լրացուցիչ քննարկել, համաձայնության հասնել. «Դա պետք է փոխհամաձայնությամբ լինի: Քննարկեք, մինչեւ ձեռք բերվի համաձայնություն»: