tert.am: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետի ուշադրությանը հրավիրեց բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերին. 2020-ին 10 զոհ է եղել ոչ մարտական պայմաններում, վերջին 13 օրում՝ 7 զոհ։
«Կարծում եմ՝ սա անձնապես ձեր ուշադրության հարցը պետք է դառնա»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ այսօրվա դեպքի հետ կապված մանրամասն զրույց է ունեցել և՛ պաշտպանության նախարարի հետ, և՛ Գլխավոր շտաբի պետի հետ և ասել է, որ այս խնդրի խորքը հասկանալու համար պետք է տեսնել, թե մեր բակերում, դպրոցներում երեխաներն իրար հետ ինչպես են շփվում։
«Վերջերս զարմացա, երբ իմացա, որ ընդհուպ ԱԺ պատգամավորներ ինչ-որ միջավայրում ասել են, որ գողական ապրելակերպը մեր ազգային ավանդույթների ու ինքնության պահպանման համար կարևոր է»,- ասաց նա և նշեց, որ զարմացած է, բայց դեռ առիթ չի ունեցել շփվել այն մարդկանց հետ, որոնց անունները տրվել է։
«Խնդիրն այն է, որ գենետիկ մակարդակում նույնիսկ այս խնդիրը պետք է ախտորոշենք, իմ համոզմունքն այն է, որ սա քրեական կրթամշակույթի արտահայտման ձևերից է։ Հանգամանքների բերումով եղել եմ քրեակատարողական հիմնարկում, տեսել եմ, թե ինչ հասկացություններով մարդուն ոտքի վրա ոչնչացնում, ջարդում ու հողին հավասար են սարքում»,-ասաց Նիկոլ Փաշինյան: